ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Խոզային հիստերիան առավել վտանգավոր է, քան A(H1N1)-ը

Խոզային հիստերիան առավել վտանգավոր է, քան A(H1N1)-ը
05.05.2009 | 00:00

ԱՌԱՅԺՄ ԶԵՐԾ ԵՆՔ
Խոզագրիպն աստիճանաբար ընդլայնում է իր աշխարհագրությունը։ Համաշխարհային բանկի փորձագետները կարծում են, որ եթե այն վերաճի գլոբալ համաճարակի, համաշխարհային տնտեսությունը լրջագույն կորուստներ կունենա։ 1918 թ. նմանատիպ վարակի՝ «իսպանկայի» ծավալներն ընդունելու դեպքում համաշխարհային տնտեսությունը կկորցնի 3,1 տրիլիոն դոլար։ Խոզագրիպը կարող է մեծ վնասներ հասցնել զբոսաշրջությանը, հյուրանոցային բիզնեսին, ավիաընկերություններին, ինչպես նաև ողջ սպասարկման ոլորտին։ Մասնագետները հաշվարկել են, որ այս հիվանդությունից Մեխիկոյի օրական վնասը հասնում է 55 միլիոն դոլարի։ Ապրիլի 28-ից մայիսի 6-ը Մեքսիկայի մայրաքաղաքի բոլոր սրճարաններն ու ռեստորանները փակ են, ինչից տուժել է հանրային սննդի օբյեկտների ավելի քան 450 հազար աշխատակից։ Նշենք, որ Մեքսիկայի մայրաքաղաքում գործում են մոտ 35 հազար ռեստորաններ և սրճարաններ։ Այստեղ փակ են նաև թանգարանները, համերգասրահները, գրադարաններն ու կրթօջախները։ Փորձագետների գնահատականներով` մինչև մայիսի 6-ը միայն Մեխիկոյին հասցված վնասը կհասնի մոտ 500 միլիոն դոլարի։ Եվ եթե այս տեմպերը շարունակվեն, ապա հիվանդությունն ավելի մեծ սպառնալիք կդառնա, քան համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը։
Այժմ՝ մեր մասին։ Հայաստան, ինչպես հայտնի է, խոզագրիպը չի ներթափանցել, սակայն այն արձանագրվել է այնպիսի երկրներում (Ֆրանսիա, Իսպանիա, Միացյալ Նահանգներ, Գերմանիա), որոնց հետ մեր քաղաքացիները շփումներ ունեն։ Մեր հարցումները Երևանի ավիաընկերություններում ցույց տվեցին, որ խոզագրիպը հայաստանցիներին չի վախեցնում. հիվանդությունը չի անդրադարձել ուղևորափոխադրումների ծավալների վրա, և թռիչքներ հետաձգողներ մեզ մոտ չկան։ «Ավիառոստ» ընկերության ավիագործակալ Ստելլա Մանուչարյանը մեզ հետ զրույցում նշեց. «Խոզագրիպի պատճառով թռիչքներից հրաժարվողներ առայժմ չեն եղել։ Բացի այդ, նշեմ, որ դեպի Մեքսիկա, Նոր Զելանդիա շատ ուղևորներ Հայաստանից չենք ունենում։ Այս երկրներ մեկնելու համար կա վիզայի խնդիր, որը դժվարացնում է մուտքն ու ելքը։ Իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգներ, եվրոպական երկրներ մեկնողների թիվը նույնն է, ինչ մյուս ամիսներին։ Խոզագրիպի թեման ընդհանրապես չի շոշափվում մեր ուղևորների կողմից։ Գուցե տեղեկատվության պակասն է, չգիտեմ»։
Ավիագործակալն անդրադարձավ նաև ուղևորափոխադրումների ծավալների վրա ճգնաժամի ունեցած ազդեցությանը։ Պարզվում է, որ այն հատկապես մեծ էր հունվար-փետրվար ամիսներին։ Այժմ, սակայն, իրավիճակը շտկվել է։ Թեև դոլարի արժևորմանը զուգընթաց բարձրացան նաև ավիատոմսերի գները, այդուհանդերձ, ուղևորահոսքերը գրեթե նույնն են, ինչ նախորդ տարիներին. «Կարող եմ ասել, որ այժմ բարենպաստ սեզոն է թռիչքների համար. Հայաստանից նույն տեմպերով մեկնում են արտագնա աշխատանքի կամ հանգստանալու։ Այնպես որ, եթե ճգնաժամն ազդել է մեր աշխատանքի վրա, ապա շատ չնչին ծավալով»։
Վերադառնանք, սակայն, խոզագրիպին, որը վերջին օրերին վերանվանվեց՝ համաշխարհային խոզաբուծությանը վնաս չհասցնելու նպատակով. այժմ այն կոչվում է վիրուսի անունով՝ A(H1N1)։ Նշեք, որ համաճարակի օրերին խոզի մսի սպառումը միայն Մեքսիկայում նվազել է 80 տոկոսով։ Երևանի սուպերմարկետներում անցկացրած մեր հարցումները ցույց տվեցին, որ մեր մայրաքաղաքում նույնպես զգուշանում են ներմուծված խոզի մսից, որի սպառումը կրճատվել է մոտ 30 տոկոսով։ Տեղական խոզի միսը շարունակում է վաճառվել նույն ծավալներով։ Գնային տատանումներ, ըստ մսավաճառների, գրեթե չեն նկատվել։ Փոքր-ինչ էժանացել է տեղական խոզի միսը, սառեցրածի արժեքը մնացել է նույնը։ Ի դեպ, մասնագետները հավաստիացնում են, որ ճիշտ ձևով մշակված և եփված խոզի միսն ու մսամթերքն անվտանգ են։
Ինչպես տեղեկանում ենք Առողջապահության համաշխարհային կազմակերպության կայքէջից, աշխարհում բարձր ախտածին A(H1N1) վիրուսով հարուցված գրիպի համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ լարված: 2009 թ. մայիսի 4-ի դրությամբ 20 երկիր պաշտոնական հաղորդագրություն է ներկայացրել մարդկանց շրջանում A(H1N1) վիրուսով հարուցված գրիպի 985 դեպքի մասին: Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունը մայիսի 4-ի դրությամբ հաղորդել է մարդկանց շրջանում 226 լաբորատոր հաստատված դեպքի վերաբերյալ` 1 մահվան ելքով, իսկ Մեքսիկան հայտարարել է 590 լաբորատոր հաստատված դեպքի մասին` ներառյալ 25 մահվան դեպք: Լաբորատոր հաստատված դեպքեր են արձանագրվել Կանադայում` 85, Նոր Զելանդիայում` 4, Մեծ Բրիտանիայում` 15, Իսրայելում` 3, Իսպանիայում` 40, Գերմանիայում` 8, Ավստրիայում` 1, Նիդերլանդներում` 1, Շվեյցարիայում` 1, Դանիայում` 1, Չինաստանում` 1, Կոստա Ռիկայում` 1, Ֆրանսիայում` 2, Հարավային Կորեայում` 1, Իռլանդիայում՝ 1, Իտալիայում՝ 1, Կոլումբիայում` 1, Սալվադորում` 2:
Հիշեցնենք, որ մարդկանց մոտ H1N1 վիրուսով հարուցված գրիպի հիմնական ախտանշաններն են` բարձր ջերմություն, գլխացավ, մկանային ցավ, հազ, անգինա, ռինիտ, ոմանց մոտ նկատվել է նաև փսխում և դիարեա: Հիվանդության գաղտնի շրջանը 7 օր է: Հարուցիչը շրջակա միջավայրի առարկաների վրա պահպանվում է մոտ 2 ժամ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը չի առաջարկում սահմանափակել ճանապարհորդությունները կամ փակել սահմանները: Մարդկանց խորհուրդ է տրվում հաճախակի լվանալ ձեռքերն օճառով և գրիպանման հիվանդության ախտանիշների դրսևորման դեպքում անհապաղ դիմել բժշկական օգնության:
Հայաստանի Հանրապետությունում մարդկանց շրջանում H1N1 վիրուսով հարուցված գրիպի առումով համաճարակային իրավիճակը հանգիստ է: Այսպես գոնե հավաստիացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ «Հաշվի առնելով հանրապետության լայն սոցիալական, տնտեսական կապերը և բնակչության ակտիվ տեղաշարժը երկրներ, որտեղ արձանագրվել են H1N1 վիրուսով հարուցված գրիպի դեպքեր, ՀՀ վարակի ներբերման և տարածման կանխարգելման նպատակով ուժեղացվել է հսկողությունը «Զվարթնոց» միջազգային և «Շիրակ» օդանավակայաններում։ Բոլոր սահմանային անցակետերում սահմանվել է բժշկական հսկողություն հատկապես H1N1 վիրուսով հարուցված գրիպի առումով անապահով երկրներից ժամանող ուղևորների նկատմամբ` ուղևորության ընթացքում և հիվանդության գաղտնի շրջանի առավելագույն ժամանակահատվածում ջերմողների և բնորոշ մյուս ախտանիշներով հիվանդների վաղաժամ հայտնաբերման նպատակով»,- նշում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
Եվ մի կարևոր հանգամանք, որ նկատում են մասնագետները։ Ըստ նրանց՝ այսօր աշխարհին ավելի շատ սպառնում է ոչ թե A(H1N1) վիրուսը, այլ այն խուճապն ու հիստերիան, որ ստեղծվել են հիվանդության շուրջ։ Վարակի տարածումն այնքան զանգվածային չէ, որքան ներկայացվում է զանգվածային լրատվամիջոցներով։ Այնպես որ՝ եղեք զգոն և խուճապի մի մատնվեք. խոզագրիպն այնքան էլ վտանգավոր չէ, ինչպես ներկայացվում է։
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 4494

Մեկնաբանություններ

垄芒卢脗/home" class="footer-logo">.
ref="hy鑴欒尃鑴欓垾姣伄/1340639978" rel="nofollow">Անդրադարձ
14.11.2024